Կարմիր մսի նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ կարող են խոզի միս ուտել զարմանալի աղբյուրից՝ գենետիկորեն ձևափոխված խոզից, որը ստեղծվել է օրգանների փոխպատվաստման ոլորտում հետազոտությունների համար, հաղորդում է The Associated Press-ը:
Մթերային խանութներում այն չեք գտնի: Այս հատուկ խոզերին բուծող ընկերությունն իր փոքր պաշարից այն անվճար տրամադրում է ալերգիայով տառապողներին:
«Մենք հարյուրավոր և հարյուրավոր պատվերներ ենք ստանում»,- ասել է Revivicor ընկերության ղեկավար Դևիդ Այարեսը:
Կարմիր մսի նկատմամբ ալերգիան կոչվում է ալֆա-գալ համախտանիշ՝ այն շաքարի անունով, որն առկա է գրեթե բոլոր կաթնասունների հյուսվածքներում, բացի մարդկանցից: Այն կարող է լուրջ ռեակցիա առաջացնել տավարի, խոզի կամ ցանկացած այլ կարմիր միս ուտելուց մի քանի ժամ անց, ինչպես նաև կաթնասուններից ստացված որոշ մթերքներից, ինչպիսիք են կաթը կամ ժելատինը:
Բայց ի՞նչ կապ ունի սրա հետ օրգանների փոխպատվաստումը։ Մարդու օրգանների պակաս կա, ուստի հետազոտողները փորձում են օգտագործել խոզի օրգանները, և այս ալֆա-գալ շաքարը մեծ խոչընդոտ է դառնում: Այն ստիպում է մարդու իմունային համակարգին անմիջապես ոչնչացնել սովորական խոզից փոխպատվաստված օրգանը: Հետևաբար, առաջին գենը, որը Revivicor-ը ապաակտիվացրեց, երբ սկսեց գենետիկորեն ձևափոխել խոզերին՝ կենդանու օրգանը մարդուն փոխպատվաստելու նպատակով, ալֆա-գալ առաջացնող գենն էր:
Թեև քսենոտրանսպլանտացիան դեռ մնում է փորձնական, Revivicor-ը 2020 թվականին ստացել է Սննդի և դեղամիջոցների որակի հսկողության վարչության թույլտվությունը՝ օգտագործելու «GalSafe» խոզերը որպես սննդի և մարդու թերապևտիկ դեղամիջոցների հնարավոր աղբյուր: Վարչությունը հաստատել է, որ այս խոզերի մսում ալֆա-գալ չի պարունակվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում